Հայրենիքների ճանապարհներին…



Մոտ 2 ամիս տևած բլոգային լռությունից հետո նորից բացել եմ բլոգս ու նորից գրում եմ, որքան էլ որ դա էս պահին տարօրինակ է…

Հայրենիքի ու նրա մասին գլոբալ պատկերացումներն են, որ նորից ստիպում են գրել: Վերջին ժամանակներս օբյեկտիվ պատճառներով շատ է խոսվում հայրենադարձների կամ նման կարգավիճակով մարդկանց մասին. խոսքը Սիրիահայերի և մասամբ էլ՝ լիբանանահայերի մասին է: Մեկը մեկին հակասող խոսակցություններ և տրամաբանությունից զուրկ գործընթացներ.

Հայաստանյան շուկան խոսում է, թե «ըհը, Սիրիայում վիճակը լավ չէ, հետևաբար սիրիահայերը շուտով մեծ հոսքերով կգան Հայաստան», ասել է թե՝ կվերադառնան Հայրենիք, հետևաբար էլ նորից հայաստանյան անշարժ գույքի շուկայում մի փոքր ակտիվություն կգրանցվի:

Որոշ քաղաքագետներ ու սոցիոլոգներ իրենց հերթին խոսում են, թե Սիրիայում արդեն վաղուց ձևավորվել է ուժեղ ու կուռ սիրիահայ համայնք, որոնց համար Սիրիան նույնքան վաղուց արդեն տուն է հանդիսանում….

Այս երկու իրականություններն իրականում համապատասխանում են իրականությանը, բայց…

Սկսենք նրանից, որ այստեղ՝ Հայաստանում, սիրիահայերի և նրանց հնարավոր ներհոսքի մասին խոսակցությունները մեծ մասամբ ենթադրում են միայն շահ Հայաստանում ինչ-որ շուկաների համար՝ անշարժ գույք, դրամաշրջանառություն, դրամի ներհոսք և այլն: Իսկ ուր է այն միտքը, թե մեզնից ոչնչով չտարբերվող արյունակիցները ահավոր դրության մեջ են և նրանց պետք է օգնել? Ես որ չեմ տեսել դեռ և չեմ լսել այսպիսի մտքեր. մեզ շուկան է պետք ակտիվացնել և վերջ…

Իրականում… Սիրիահայերի ճնշող մեծամասնությունը, եթե նույնիսկ հավաքել է ճամպրուկները ու տոմս է գնել դեպի Հայաստանի Հանրապետություն, ապա գալիս է իր «Հայրենիք» ոչ թե բնակվելու, այլ՝ ժամանակավոր: Հայրենիք վերադառնալու համար հարկավոր չի ապստամբություն, սով, կոտորած և այլ ֆորսմաժորային իրավիճակներ, դա կարելի է անել դրանցից առաջ՝ մտքիդ տեղ լինի: Հայրենիքն այս պահին լավ է, որ կա, քանի որ այն հիանալի տրանզիտ, շունչ քաշելու գոտի և ցատկահարթակ է հենց նույն սիրիահայերի համար, որոնք Հայրենիք ունեն, բայց իմ կարծիքով նրանք այս մտքի հետ համաձայն չեն, որքան ես եմ պատկերացնում Հայրենիքի մասին…

Շարունակենք այն միտքը, թե մերձավոր արևելքում, մասնավորապես Սիրիայում և Լիբանանում ձևավորված հայկական գաղութը ուժեղ է և այստեղի հայերի համար նշյալ պետություններն արդեն տուն են և հայրենիք: Այս միտքը ևս տեղ չունի տրամաբանությունների շարքում, քանի որ հայրենիքը չեն թողում ու փախնում դժվար պահին, եթե նույնիսկ վերադառնալու ուտոպիստական որոշ մտքեր էլ լինեն: Այդ նույն հայրենիքի համար պետք է պայքարել գուցե, կամ գուցե սխալվում եմ?

Ստացվում է, որ Հայրենիքը ոչ այնտեղ է և ոչ էլ այստեղ: Այնտեղ իրար են սպանում և պետք է հեռանալ, իսկ այստեղ Հայրենիքը սահմանափակվում է ժամանակավոր օթևանի կարգով, որտեղ ամեն ինչ հանգիստ է, կան բազմաթիվ ավիաուղղություններ, և որտեղից առանց դժվարությունների կարելի է գնալ ԱմերիկաԵվրոպաներ:

Երևի թե հերիք է սպանենք Հայրենիքի մասին խոսակցություններով, Հայրենիքը հայրենիք կլինի մի դեպքում, եթե այնտեղ ապրում ես ու այնտեղ արարում քո ապագան, եթե նույնիսկ ժամանակավոր բացակայում ես այնտեղից: Մնացյալ դեպքերում դրանք դատարկ կամ էլ ենթադրյալ լիքը խոսակցություններ են…

P.S. Հարկ է ճշգրտում մտցնել, որ ոչ բոլորի մասին է խոսքը գնում, քանի որ հենց նույն Սիրիայում և Լիբանանում ապրում են բազմաթիվ ազգանվեր, պետական և ազգային մտածողության տեր հայեր, որոնք, ցավոք, քիչ թիվ են կազմում:

 



Category Բաժնեշարք` Անվերնագիր  |  Tag Գրանշաշարք` , , , , ,

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ