Դարերի խորքից…



2062 թվական. փետրվարի 26. օրվա քրոնիկոնը` մեկ նյութում:

Այսօր Ֆրանսիայի Սենատը քննարկեց հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերամշակված տարբերակը, որը Ֆրանսիայի նախագահ Պիեռ Սամվելիոնի նախաձեռնությամբ կրկին վերադարձվեց խորհրդարանի քննարկմանն ու քվեարկությանը: Օրինագծի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:

Այսօր Արցախ են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի սահմանագծի երկայքով մոնիտորինգներ անցկացնելու նպատակով: Մինսկի խմբի թուրք համանախագահ Մահմեդ Ջալալօղլուն Ստեփանակերտում հայտարարել է, որ ԼՂՀ-ում օրեր առաջ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունները Եվրոպայի համար որևէ նշանակություն չունեն, քանի դեռ լուծված չէ Ադրբեջանի գրավված տարածքների հարցը և հայ-ադրբեջանական հակամարտությունը: Օրվա վերջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ թուրք Մահմեդ Ջալալօղլուն, բրիտանացի Ջոն Քրեբերին, ռուսաստանցի Ջեմալ Ահմեդովը և ամերիկացի Հենրի Հայտենբերգը մամլո ասուլիսում նշեցին, որ հայ-ադրբեջանական համակարտության լուծման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցել և կողմերի միջև փոխվստահության մթնոլորտը արդեն տալիս է իր արդյունքները, որոնցից մասնավորապես նշվեց առաջիկայում թուրք խաղաղապահ զորախմբի տեղակայումը Կովսականում և Քաշաթաղում, ինչպես նաև ադրբեջանցի և քուրդ վերաբնակիչների հինգերորդ հոսքի վերաբնակեցման գործընթացը ԼՂՀ Ակն և Ասկերան քաղաքներում և հարակից գյուղերում:

Այսօր Լոնդոնի բորսայում նավթի գինն ընկել է` հասնելով 760 ԱՄՆ դոլարի` 1 բարելի համար: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Ալեքսանդր Քարիմովը նավթի գնի տատանումները որակել է որպես արևմտյան երկրների դավադրության արդյունք` ընդդեմ ՌԴ հզորացման:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր բացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» թանգարանի նոր մասնաշենքը: Բացման արարողությանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Մամեդ Ալիևը, ՌԴ, Ֆրանսիայի, Պակիստանի, Ինդոնեզիայի, Գերմանիայի, ԱՄՆ և Ուկրաինայի դեսպանները, որոնք համատեղ ասուլիսում դատապարտեցին ավելի քան կես դար առաջ հայկական զորքերի կողմից ադրբեջանական քաղաքի բնակիչների ոչնչացման փաստը:

Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հանրահավաքի ավելի քան 20.000 մասնակիցներին ուղղած իր խոսքում ընդդիմության ղեկավար Արտյոմ Բաղդասարովը անդրադարձել է նաև Հայաստանի բնակչության կենսամակարդակի և արտագաղթի խնդիրներին` նշելով որ միջազգային շուկաներում շաքարավազի գինը կտրուկ անկում է գրանցել` հասնելով 40$-ի` մեկ կիլոգրամի համար, իսկ Հայաստանում վերջին թանկացումներից հետո այդպես էլ շաքարավազի գինը մնացել է նույնը` 280.000 դրամ` մեկ կիլոգրամի համար, որը հավասար է մոտ 75$-ի, ինչն աննախադեպ է աշխարհում: Արտագաղթի խնդիրներին անդրադառնալիս Բաղդասարովը նշեց, որ ներկա վարչակարգի անարդարությունների և կամայականությունների արդյունքում ամեն տարի Հայաստանը լքում են ավելի քան 40.000 մարդիկ, որը կազմում է ՀՀ բնակչության 4%-ը, ինչը շուտով կարող է կանգնեցնել Հայաստանին ստրատեգիական աղետի առաջ:

Այսօր առավոտյան Երևան էին ժամանել Վենեսուելայի հայ համայնքի ներկայացուցիչները` տեղի հայ համայնքի քարտուղար Համո Սուարեսի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանդիպեց ՀՀ վարչապետի և կառավարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվեցին առաջիկայում ամենամյա բարեգործական թելեթոնի կազմակերպչական խնդիրներ, ինչպես նաև հավաստեցին, որ Վենեսուելայի հայ համայնքի կողմից շուտով կկազմակերպվի Վաղարշապատ համայնքի դպրոցի վերանորոգման համար նախատեսված 600 միլիոն դրամանոց նախագիծը:

Այսօր «Կալիֆորնիա Կուրիեր» թերթին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Հենգ Չժու Չենը, անդրադառնալով Վաշինգթոնում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողի բացման արարողությանը և ԱՄՆ ադրբեջանական համայնքի կողմից հչեցված բողոքներին, նշել է, որ ամերիկացի ժողովուրդը Օսմանյան Կայսրությունում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած մեծ եղեռնի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակը միշտ կպահի իր հիշողության մեջ: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի թղթակից, ազգությամբ հայ Ջասմին Ֆլոյդի հարցին, թե այս տարի ապրիլի 24-ին նախագահն իր ելույթում արտասանելու՞ է ցեղասպանություն բառը և արդյո՞ք ԱՄՆ հայկական համայնքին այս տարի նույնպես հիասթափություն է՞ սպասվում, պատասխանել է, որ ինքը դատապարտում է երկիր մոլորակի վրա տեղի ունեցած բոլոր արյունահեղությունները և ցանկանում է, որ թուրք և հայ հարևան ազգերը ապրեն համերաշխության և փոխհամաձայնության մթնոլորտում, որին հնարավոր է հասնել միայն հայ-թուրքական բարեկամության համաձայնագրի վավերացմամբ, որը ստորագրվեց վերջերս Ցյուրիխում և որն այժմ գտնվում է Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում:

Այսօր Հայաստանի իշխող` «Երիտասարդ Կոնգրեսականներ» կուսակցության մամլո քարտուղարը լրագրողների, բլոգերների և սոցիալական ցանցերում ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ երկու օր անց իրենք կազմակերպելու են երթ դեպի Ծիծեռնակաբերդ` Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով:

Այսօր ՀՀ Ազգային Ժողովի շենքի դիմաց էին հավաքվել մի խումբ բնապահպաններ, որոնք շարունակում են բողոքել Սևանի քիմիական կոմբինատի, Գորիսի լեռնահարստացման գործարանի և Քարվաճառի ոսկու հանքերի շահագործման բնապահպանական խախտումների դեմ: Բնապահպանները իրենց բողոքն են արտահայտել նաև Երևանի Ծիծեռնակաբերդի և Հաղթանակ այգիներում ծառերի մասսայական կտրման և ավտոկայանատեղիների կառուցման դեմ: Բնապահպանների հետ հանդիպել է իշխող «Երիտասարդ Կոնգրեսականներ» կուսակցության ներկայացուցիչ Վարազդատ Դեմիրճյանը և խոստացել ուսումնասիրել նշյալ հարցերի հետ կապված խնդիրները:

Օրվա փոխարժեքները. ՀՀ կենտրոնական բանկը ԱՄՆ 1 դոլարի համար սահմանել է 3730 դրամ փոխարժեք: Երևանի ֆոնդային բորսայում իրականացվել է 6 Մլն 200 հազար դոլարի առևտուր:

Երևանյան Քրոնիկոն օրաթերթ, 26 փետրվարի, 2062թ.

 



Category Բաժնեշարք` Անվերնագիր  |  Tag Գրանշաշարք` , ,

Կարծիքներ և մեկնաբանություններ

Թող կարծիքդ այստեղ